Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում գրանցված է 7 հայ: «Արտասովոր շարժողական գործունեության գրանցման» հանձնաժողովի նախագահ Վարդան Թովմասյանը ասել է, որ ռեկորդների գրքում 1991թ-ին առաջինը գրանցվել է Ռոբերտ Գալստյանը: Նա պարանի օգնությամբ ատամներով քաշել է 12 տոննա կշիռ ունեցող «Կրազ» մակնիշի մեքենան 10 մետր: Գինեսի վերջին հայ ռեկորդակիրը Արտակ Գրիգորյանն է, որն օղակների վրա «խաչ» դրությամբ 25 վրկ. վարժություններ է կատարել: Թովմասյանը «Արմենպրես»-ին ասել է, որ հանձնաժողովը Լոնդոն է ուղարկել ՀՀ վաստակավոր մարզիչ Դավիթ Ֆահրադյանի ռեկորդի սահմանման տեսանյութն ու փաստաթղթերը: Վերջինս պտտաձողի վրա 354 պտույտ է կատարել: Թովմասյանը նշել է, որ Գինեսի գրքում ռեկորդի գրանցումը տևում է 2-4 ամիս: Լոնդոնի կենտրոնական գրասենյակը դիմումներ է ստանում աշխարհի տարբեր երկրներից: Լոնդոնում հանձնաժողովը ուսումնասիում է ռեկորդի սահմանումը վկայող տեսանյութը, ստուգում և համոզվում, որ կադրերը մոնտաժված չեն: Թովմասյանի խոսքով, լինում են դեպքեր, երբ լոնդոնյան հանձնաժողովը մերժում է գրանցել ռեկորդը` առանց որևէ մեկնաբանության: «Հուսով ենք` Դավիթ Ֆահրադյանի պարագայում դրական պատասխան կստանանք»,- ասել էԹովմասյանը: Հայաստանում 1990թ-ից Գինեսի գրքի օրինակով ստեղծվել է «Դյուցազնագիրքը», որում գրանցված է ավելի քան 90 մարդ:
|